ՇՐՋԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՇՐՋԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով, ինչի համար էլ նրան անվանում են «թանգարան՝ բաց երկնքի տակ»։

ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

 

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական և սոցիալական աճի շարժիչ ուժերից մեկն է և արդեն ինքնուրույն զարգացող ոլորտ է համարվում: Այն մարդկանց ապրուստի միջոց վաստակելու ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում՝ այլ ոլորտների հետ համեմատած:

Հայաստանի զբոսաշրջության առանցքը երկրի հարուստ պատմությունն ու մշակույթն է և գրավում է զբոսաշրջիկներին իր եկեղեցիներով, պատմական վայրերով, հնադարյա պատմությամբ: Երկրի բնական միջավայրը ևս մեկ գրավիչ կողմ է այն այցելուների համար, ովքեր փնտրում են բնություն և արկածային ժամանց Հայաստանի լեռներում, լճերում և հովիտներում: Երկրի հիմնական զբոսաշրջային ակտիվներից մեկն էլ Հայաստանի ժողովուրդն է՝ իր հյուրընկալությամբ, բարեկամական վերաբերմունքով և մշակույթով:

Հայաստանը, տեղանքի առումով, լավ հնարավորություններ ունի՝ զբոսաշրջությունը որպես զարգացման բնագավառ ակտիվացնելու համար: Վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությունը մեծ աճ է գրանցել հիմնականում հետևյալ պատճառներով՝

Հայաստան այցելողների թվի աճին նպաստում է առաջին հերթին երկրի հարուստ մշակույթն ու պատմությունը բազում վանքերով ու հնագիտական վայրերով: Աշխարհում շատ քիչ վայրեր կան, որոնք ունեն նույնքան խորը պատմություն և նույնքան հին են, ինչքան Հայաստանն է: Երկրի մշակույթը նպաստում է նաև սփյուռքահայ զբոսաշրջիկների կայուն ներհոսքին, որոնցից շատերը ձգտում են կրկին վերադառնալ իրենց վաղուց կորցրած մշակույթին, մի մասն էլ՝ վերադառնալ և աջակցել դեռ Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին կամ հարազատներին:

Երկրորդ՝ երկրի բնական լանդշաֆտը, որն ապահովում է մատչելի և համեմատաբար չմշակված միջավայր՝ նպաստելով ավելի մեծ թվով ակտիվ հանգիստ կազմակերպելուն, ինչպիսիք են արշավները, լեռնային հեծանվավազքը, դահուկավազքը:

Երրորդ՝ Հայաստանի ժողովուրդը, որը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին, ովքեր փնտրում են ավելի խորը, ավելի անձնական և ավելի փորձարարական ուղղություններ: Հայաստանը շարունակում է մնալ մի երկիր, որտեղ բնակիչները զբոսաշրջիկներին մեծ ուրախությամբ հյուրընկալում են իրենց տներում, ծանոթացնում խոհանոցին, տնտեսությանը և ընդունում իրենց աշխատավայրերում:

Նշված երեք ակտիվները Հայաստան են բերում համաշխարհային և տարածաշրջանային զբոսաշրջիկների մեծ հոսք:

Ընդհանուր առմամբ, ինչպես սփյուռքահայ, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկներն ամենից շատ տպավորված են Հայաստանի բնությունից և տեղացիների վերաբերմունքից, ջերմությունից և բարությունից: Մյուս կողմից, նրանք առավել դժգոհ են ճանապարհային ենթակառուցվածքներից, որին հաջորդում է լեզվի և հաղորդակցման դժվարությունը:

Զբոսաշրջության կարևոր մաս են կազմում նաև տեղացի զբոսաշրջիկները:

 

 

Հայաստանը՝ գրավիչ զբոսաշրջային ուղղություն

 

Հատկապես 2019-ին Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, հայտնվեց միջազգային ինդեքսներում  և հեղինակավոր լրատվամիջոցների էջերում :

2019-ին Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում 10 հորիզոնականով առաջընթաց գրանցեց 2018-ի համեմատ: Այս ինդեքսը չափում է տուրիզմի կայուն զարգացման հնարավորություններն ու քաղաքականությունը, ինչն էլ նպաստում է երկրի մրցունակության բարձրացմանը: 2019-ին 140 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը, 2018-ին՝ 89-րդ: 

Նույն ինդեքսի համաձայն՝ մշակույթի և բնական ռեսուրսների ցանկում Հայաստանը 103-րդ հորիզոնականում է, մինչդեռ գների մրցունակության ինդեքսում՝ 30-րդ հորիզոնականում: Հայաստանի գների մրցունակության նույն սանդղակում են Օմանը, Վրաստանը, Ուգանդան, Լեհաստանը և այլն: Համեմատության համար նշենք, որ ցանկում առաջատարը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ «ամենաթանկը»՝ Միացյալ Թագավորությունը: Ի դեպ, նույն ինդեքսի 2018-ի զեկույցում  Հայաստանը գնային մրցունակությամբ 42-րդ հորիզոնականում էր: Սա նշանակում է, որ մյուս երկրների համեմատ Հայաստանը ավելի մատչելի է դարձել զբոսաշրջիկների համար, կամ, ի տարբերություն այլ երկրների, գնաճի տեմպերը Հայաստանում ավելի ցածր են եղել:

Ապահովության և անվտանգության ցուցանիշներով Հայաստանը 140 երկրների շարքում 40-րդ հորիզոնականում է: Նույն շարքում Ադրբեջանը 38-րդն է, իսկ ամենաապահով երկիրը Ֆինլանդիան է:

 

 

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը գտնվում է Միջին Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (Աբխազիա, Հարավային Օսիա, Արցախ) պետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմքն է դրել։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը:

ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը ստեղծել է Հայկական լեռնաշխարհում, որը տարածվում է Փոքր Ասիայի և Իրանական սարահարթերի միջև՝ հարավում սահման ունենալով Միջագետքը, հյուսիսում ընդգրկելով Փոքր Կովկասի լեռնաշղթան: Հայերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ են:

Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին՝ միասնական պետության ստեղծմամբ: Հայերի և Հայկական լեռնաշխարհի մասին պատմական առաջին վկայությունները հայտնի են դեռևս Ք.ա. 28-րդ դարից:

Շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը, որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Ժողովրդի ինքնանվանումը ևս՝ ՀԱՅ, հինարևելյան գրավոր աղբյուրներում վկայվում է Ք.ա. 26-րդ դարից, իսկ Ք.ա. 24-23-րդ դարերից հիշատակվում են նաև օտարների կողմից հայերին ու Հայաստանին տրված ԱՐՄԵՆ և ԱՐՄԵՆԻԱ անվանումների նախաձևերը: Ք.ա. 2-րդ հազարամյակում Հարավային Հայաստանում և Միջագետքի հյուսիսում հզորանում է Միտաննի պետությունը, որը Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար պայքարում էր Եգիպտոսի դեմ:

Խեթական աղբյուրները Ք.ա. 15-13-րդ դարերում Հայաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում հիշատակում են Հայասա թագավորությունը (խեթերենում -(a)sa վերջավորությամբ կազմվում էին տեղանունները, այսինքն՝ Հայասա նշանակում է Հայերի երկիր, Հայք):

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 Ք.ա. 12-9-րդ դարերում Արարատյան դաշտում հաստատված և Արմավիրը մայրաքաղաք հռչակած Հայկազունների արքայատոհմի իշխանության շրջանում Արարատ (ասուրաբաբելական տարբերակը՝ Ուրարտու) անունը տարածվում է ողջ լեռնաշխարհի վրա և միջագետքյան հուշարձաններում ու Աստվածաշնչում դառնում Հայաստան անվան համարժեքը:

Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում հզորանում է Վանի (Բիայնիլի, Ուրարտու Արարատ) թագավորությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով:

Ք.ա. 8-րդ դարի առաջին կեսին (հատկապես Արգիշտի I-ի օրոք՝ 786-764թթ.) Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը:

ՀԵՏՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը, և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը:

Ք.ա. VI դարում Հայաստան երկիրը Աքեմենյան Դարեհ I թագավորի Բեհիսթունյան արձանագրության մեջ հին պարսկերեն և էլամերեն հատվածներում հիշատակված է Արմենիա անունով, իսկ բաբելոներենում՝ Ուրարտու, ինչն աներկբա վկայություն է այդ անվանումների հոմանիշ և զուգահեռ գործածության մասին:

Ք.ա. 2-րդից 1-ին դարերում Հայաստանում իշխում է Արտաշես արքայի (Ք.ա. 189-160թթ.) հիմնած արքայատոհմը, որի անունով էլ այն կոչվում է Արտաշեսյան: Արքայատոհմն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան 2-րդի (Տիգրան Մեծ) օրոք (Ք.ա. 95-55թթ.), որի իշխանությունը տարածվեց նաև Ատրպատականի, Մարաստանի, Հյուսիսային Միջագետքի, Սելևկյան տերության, Փյունիկիայի, Պաղեստինի և Կիլիկիայի վրա (Ք.ա. 66թ. Պոմպեոսի արշավանքի հետևանքով այդ նվաճումները զիջվեցին Հռոմին):

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքը պահպանում է թագավորության կարգավիճակը, որի գահին Հռոմը և Պարթևստանը ձգտում են հաստատել իրենց դրածոներին: Ժամանակավոր անկայունությունն ավարտվում է, երբ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիների արքայատոհմին (66-428թթ.):

387թ. Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև. երկու տարի անց հռոմեական մասում՝ Արևմտյան Հայաստանում, վերանում է թագավորությունը, իսկ Արևելյան Հայաստանում Արշակունիները թագավորում են մինչև 428 թվականը:

Հայ Արշակունյաց թագավորության վերացումից (428թ.) հետո Հայաստանի արևելյան մասը Իրանական պետության կազմում կառավարում էին մարզպանները՝ պահպանելով երկրի ներքին ինքնավարությունը (428-630թթ.):

 Բագրատունյաց շրջան

Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհատորեն բարելավվեց: Սկզբնավորվեց և մեծ թափ ստացավ ամրոցաշինությունը: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը:

Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.):

11-րդ դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375 թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան, այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:

10-14-րդ դարերում, թեպետ տարանջատ, Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի, Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ):

Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի տիրապետության տակ

Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին, կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը 16-18-րդ դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը, պետականության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին:

1722-1730թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը: 1736թ. Արցախում կազմավորվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա), որը Իրանի շահ Նադիրը ճանաչել է որպես ներքին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական իշխանություն՝ Մելիք Եգանի իշխանապետությամբ:

Ռուսական կայսրության տիրապետության շրջան

1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում` Արևելյան Հայաստանը, անցնում է Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով:

1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը (Հայկական հարց ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:

Անկախության շրջան

1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, սակայն 1920թ. դեկտեմբերին բոլշևիկյան Ռուսաստանի Կարմիր բանակը նվաճեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանից անջատվեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը (բռնակցվեցին Թուրքիային), Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը (բռնակցվեցին Ադրբեջանին): Մնացած փոքր տարածքների վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը:

Վերանկախացման շրջան

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որով վավերացվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը:

1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: 2001 թվականին մեր երկիրն անդամակցեց Եվրախորհրդին: Ավելի ուշ ընդգրկվեց Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Առևտրի միջազգային կազմակերպության և այլ կառույցների կազմում ու, չնայած սոցիալ-տնտեսական որոշ դժվարություններին, հաստատուն դարձրեց ժողովրդավարացման ընթացքը:

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՈւՏԵԼԻ ԲՈւՅՍԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
07 Aug, 2020 23:15
ՈւՏԵԼԻ ԲՈւՅՍԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
Պայմանավորված ամավարակի աստիճանով, 2020թ.-ին փոռատոն տեղի չի ունենա
Դիտել ավելին
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ 2019
19 Feb, 2019 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ 2019
Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ «Թումանյանական օր» միջոցառումը՝ նվիրված բանաստեղծի 145-ամյակին: Միջոցառումն ունի ավանդական բնույթ և անց է կացվում ամեն տարի աշնանը՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:
Դիտել ավելին