Ագարակ գյուղը գտնվում է Հայսատանի Հանրապետության Լոռու մարզում՝ Ձորագետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոնից՝ Վանաձորից, 34 կմ դեպի հյուսիս։ Գյուղը հիշատակվում է դեռևս 13–րդ դարում։ Այն մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 1190 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48.8%, կանայք՝ 51.2%:
Ագարակ գյուղում կան՝ սուրբ Աստվածածին (V-VI դդ.), “Ճգնավոր” (XIX դ.), սուրբ Սիոն եկեղեցիները և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։ Ագարակի մոտ է գտնվում Ագարակի մենաստանը։ Գյուղի շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակներ։
Հայկական վաղ միջադարյան ճարտարապետության զարգացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի: Հենց այդ ժամանակաշրջանում է, որ դրվում են նրա հորինվածքային, կոնստրուկտիվ և գեղարվեստական սկզբունքերի հիմքերը, որոնց վրա խարսխվեցին հետագա դարերի նվաճումները: Վաղ ֆեոդալիզմի այս փուլը ներկայացված է զգալի թվով մոնումենտալ հուշարձաններով, գլխավորապես եկեղեցական:IV-V դարերի հայկական եկեղեցիները գերազանցապես անգմբեթ էին և ունեին հիմքում երկարավուն դահլիճի ձև: Այդ տիպի կառույցները հանդես են գալիս երկու հիմնական տարբերակներով` միանավ և եռանավ: Միանավ այս եկեղեցիները սովորաբար համեստ են իրենց չափերով ու արտաքին ճարտարապետությամբ: Ագարակի սուրբ Աստվածածին եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, թաղակապ սրահ է, որի թաղն ամփոփված է երկթեք կտուրի տակ: Եկեղեցին ունի պայտաձև խորան, արևելք-արևմուտք ձգվածություն: Եկեղեցու միակ ավանդատունը կից է խորանի հյուսիսային կողմից և ունի ուղղանկյուն հատակագիծ: Ագարակի սուրբ Աստվածածին եկեղեցու սրահը լուսավորվում է վաղ միջնադարին հատուկ, մեծ բացվածքներ ունեցող պատուհաններով, որոնք դեպի ներս լայնանում են: Միակ մուտքը գտնվում է եկեղեցու հարավային կողմում: Եկեղեցին ենթարկվել է մասնակի վերանորոգման: Եկեղեցու շրջակայքում գտնվում է գյուղի գերեզմանոցը, որտեղ կարելի է հանդիպել նաև միջնադարյան տապանաքարերի: