ՍՎԵՐԴԼՈՎ

ՍՎԵՐԴԼՈՎ

Սվերդլով գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 46 կմ հյուսիս-արևմուտք։

Գ․ Սվերդլով

Սվերդլով գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 46 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ուռուտ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա։ Գյուղը հիմվել է 18-րդ դարի առաջին կեսին: Հիմնադիրնեը եղել են գյուղից 6կմ հյուսիս-արևելք գտնվող Դորբատ կոչվող բնակավայրի բնակիչները: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է ինչի մասին է խոսում գյուղի կենտրոնում տուֆից և բազալտից կերտված V-VII դարերի լավ պահպանված Սբ. Գևորգ եկեղեցին: Գյուղում պահպանվել է նաև VIII դարի (13դ.), իսկ գյուղից 3 կմ հյուսիսարևելք է գտնվում «Ս. Աստվածածին» եկեղեցին (Դորբատավանք):

Գ․ Սվերդլով
«Սբ. Գևորգ» եկեղեցի (VI դար)

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության միանավ եկեղեցիներից է: Գտնվում է Սվերդլով գյուղի հյուսիսարևելյան բարձրադիր վայրում: Կառուցվել է VI դ.: Եկեղեցին կանգնած է աստիճանաձև որմնախարսխի վրա: Ունի արևելքից արևմուտք ձգված համաչափ հորինվածք: Աղոթասրահը չորս զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանված է հինգ մասի: Արևելյան կողմում կիսաշրջանաձև հատակագծով խորանն է, որի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով, կիսագլանաձև թաղով ծածկված ավանդատներն են՝ կիսաշրջանաձև խորաններով: Ունեցել է չորս մուտք՝ 2 հարավային, մեկական հյուսիսային և արևմտյան ճակատներում: Մուտքերը հարդարված են եղել ճակտոնով և զույգ կիսասյունիկներով: Պահպանվել են արևմտյան և հարավային մուտքերը:
      Եկեղեցին հիմնովին նորոգվել է XIX դ.: Հարավային մուտքի առջև, եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն՝ ութասյուն ռոտոնդայով: Հարավային և արևմտյան պատերը երեսապատվել են սրբատաշ բազալտե քարերով, մյուս ճակատները և ավանդատները վերակառուցվել են՝ մանր, կոպտատաշ քարերի օգտագործմամբ: Վերափոխվել են պատուհանները, փոխվել են քիվերը և կղմինդրե ծածկը: Եկեղեցին նախկինում շրջափակված է եղել արտաքին սրահով, որը չի պահպանվել: Գրեթե ոչինչ չի պահպանվել նաև եկեղեցու հարդարանքից:

«Սբ. Գևորգ» եկեղեցի (VI դար)
«Ս. Աստվածածին» եկեղեցի (Դորբատավանք)

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել: Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին: Սակայն Ս. Աստվածածին եկեղեցին առանձնանում է նույնատիպ եկեղեցիներից իր հատակագծային ինքնատիպ լուծումով: Հուշարձանի արևելյան և արևմտյան խաչաթևերը հյուսիսային և հարավային խաչաթևերից երկար են և լայն, որի շնորհիվ կառույցը ստացել է շեշտված ձգվածություն՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Գմբեթատակ հիմքը ոչ թե քառակուսի է, այլ՝ ուղղանկյուն, իսկ գմբեթաթաղը՝ ձվաձև: Ներքուստ կիսաշրջանաձև խորանները արտաքուստ բազմանիստ են: Արևելյան, հյուսիսային և հարավային խորանները ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը՝ կիսագլանաձև թաղով: Արևելյան խորանի երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հուշարձանը կառուցված է դեղնականաչավուն ֆելզիտի սրբատաշ մեծաչափ քարերով, իսկ որոշ հատվածներ՝ սև տուֆով:
Եկեղեցին ունի VI դ. բնորոշ դեկորատիվ հարդարանք՝ պայտաձև կամարաշարերով՝ քիվեր, երկշարք ատամիկներով մշակված՝ պատուհանի եզրակալներ:
Ս. Աստվածածին եկեղեցին նորոգվել է 1980 –ական թվականներին:
Դորբանտավանքը իր հատակագծային յուրօրինակ լուծումով և ճարտարապետական առանձնահատկություններով կարևոր տեղ է գրավում վաղմիջնադարյան եռախորան հուշարձանների շարքում:
 

«Ս. Աստվածածին» եկեղեցի (Դորբատավանք)
Մատուռ (XVII դար)

Գտնվում է Սվերդլով գյուղի հյուսիսարևելյան բարձրադիր մասում, միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Ս. Գևորգ եկեղեցուց հյուսիս: Ելնելով կառույցի հորինվածքային առանձնահատկություններից՝ թվագրվում է XIII դ.: Միանավ, ուղղանկյուն հատակագծով փոքրածավալ եկեղեցի է՝ կառուցված դեղնավուն ֆելզիտով և անմշակ ու կիսամշակ որձաքարով: Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ երկու կողմերում մինչև գետինը իջնող մեծ բարձրության խորշերով: Ունի ուղղանկյուն բացվածքով, ցածրադիր մեկ մուտք՝ հարավային ճակատից: Արտաքին հարդարանքում աչքի են ընկնում երկու լուսամուտների և մուտքի բարավորների մշակումները: Մեծ թեքությամբ երկլանջ տանիքով կառույց է: Առանձնանում է իր վերսլաց համաչափություններով:
Մեզ է հասել կանգուն վիճակում: Կիսագլանաձև թաղը խարխուլ վիճակում է:
Շրջակայքում պահպանվել են միջնադարյան տապանաքարեր:

Մատուռ (XVII դար)