Կուրթան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, մարզկենտրոնից՝ 22 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի աջ կողմում։
Գյուղից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի համալիրը (X-XIV դարեր), Սբ. Աստվածածին (VI դարեր), «Գտեվանք» (VI-XVII դարեր), “Ճգնավոր” (XI դար) եկեղեցիները, «Սրբություն» և Սբ. Կիրակի (X-XX դարեր) մատուռները:
Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, որ կառույցը վերարտադրվել է Կուրթանի եկեղեցու հորինվածքի փոքրացված չափերով:
Եկեղեցին սրահավոր միանավ թաղակապ դահլիճ է՝ հարավային կողմին կից ավանդատնով, որի արևմտյան պատն արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան: Գտեվանքի եկեղեցու աղոթասրահը երկայնական ուղղությամբ ավելի քիչ է ձգված: Ինչպես երևում է հյուսիսային պատին պահպանված որմնամույթի հետքերից, դահլիճը ծածկի միջին մասում ուժեղացված է եղել թաղակիր կամարով: Ավանդատան մուտքը բացվում է աղոթասրահի բեմառաջքից, որը ծածկված է եղել կիսագլանաձև թաղով և արևելյան պատը խորանի փոխարեն ուեցել է ուղղանկյուն խորշ: Արտաքին սրահի գոյության մասին, բացի խորանից, վկայում են եկեղեցու արևմտյան պատի երեք պահունակները և արևմտյան կողմում գտնվող պատերի մնացորդները: Աղոթասրահն ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, որոնք, ինչպես երևում է հետքերից, եզերված են եղել կամարակապ պարակալներով: Պահպանվել է արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մի քար՝ շեշտված պայտաձևություն ունեցող կամարիկներով, որից ենթադրելի է, որ Գտեվանքն իր հարդարանքով ևս ընդհանրացել է Կուրթանի եկեղեցու հետ:
Եկեղեցու հարավային մասում տարածվում է միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը՝ պահպանված մոտ մեկ տասնյակ տապանաքարերով:
Գտնվում է Կուրթան գյուղից 1 կմ հյուսիս-արևելք: Կուրթանի ձորում առկա են նաև քարանձավներ ժայռի տակ, որոնք այդ տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են։ Քարանձավներ լինում են նաև ժայռերի ներքին հատվածում: Կուրթան գյուղում մնացել է մի քանի փոքրիկ քարախոռոչներ:
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ամեն քայլափոխին բացահայտում ես նորն ու չկրկնվողը։ Այստեղ ամեն մարզ յուրահատուկ է։ Եվ այդ բոլոր յուրահատուկների մեջ առանձնանում է Լոռին, որ հիրավի մի առանձին «երկրային դրախտ» է, ինչպես բնութագրում է Ալ․ Շիրվանզադեն։ Այն գեղեցիկ է ոչ միայն իր բնությամբ, այլև պատմաճարտարապետական հուշարձանների առատությամբ, որոնք շռայլ հոգու և հուժկու բազուկների հոյակապ կերտվածքներ են։ Դրանցից մեկն է Հնեվանքը։ Կուրթանի ձորում ծվարած վանքը գտնվում է Ձորագետ-Ստեփանավան ճանապարհից ոչ հեռու։ Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից։ Դրանցից շատերը ներկայումս ավերակ վիճակում են, մնացածից էլ մնացել են չնչին մնացորդներ։ Սակայն կիսավեր վանքը չի կորցրել իր վեհությունը։ Դեռ հեռվից զգում ես վանքից փոխանցվող էներգիան, որ միաձուլվելով բնության հետ շուրջդ ներդաշնակություն է ստեղծում։
Գլխավոր եկեղեցին գտնվում է համալիրի կենտրոնական մասում։ Այն իրենից ներկայացնում է արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև եռախորան գմբեթավոր եկեղեցի։ Պատերը խարխլված են և կիսաքանդ։ Եկեղեցու մուտքը, ինչպես հատուկ է եռախորան եկեղեցիների մոտ, եղել է արևմտյան թևից։ Ինչպես հավաստում է գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն լեզվով արձանագրությունը, եկեղեցին 1154 թ․-ին նորոգվել է Իվանե Օրբելյան ամիսպասալարի որդի Սբմատի կողմից։ Եկեղեցուն տարբեր ժամանակներում կցվել են շինություններ, այդ թվում և գավիթը, որը կից է եղել արևմուտքից։ Եռախորան եկեղեցու հյուսիսարևմտյան մասում՝ գավթի հյուսիսային պատին կից եղել է միանավ թաղակապ եկեղեցի, որից պահպանվել է խորանի մասը։
Կուրթանի միանավ բազիլիկ եկեղեցին (Vդ.) գտնվում է համայնքի կենտրոնական մասում: Այն երկթեք կտուրով թաղակապ սրահ է: Եկեղեցին ունի պայտաձև խորան, իսկ արևելք-արևմուտք ձգվող սրահի չափերը կազմում են 12.80 x 5.25մ: Հարավային կողմում առկա է քառակուսի հատակագծով ավանդատուն, և ընդհանուր պատից երևում է, որ այն կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ: Կիսաշրջանաձև խորանի մուտքը բեմառաջքից է և լուսավորվում է ինչպես արևելյան, այնպես էլ հարավային պատերի մեկական պատուհաններից:
Եկեղեցու կիսագլանաձև թաղը ուժեղացված է ուղղանկյուն որմնամույթերից բարձրացող զույգ կամարներով: Մուտքերը երեքն են` արևմտյան հարավային և հյուսիսային: Արևմտյանը գտնվում է երկայնական առանցքի վրա, իսկ հարավայինը և հյուսիսայինը շեղված են իրարից ու որմնամույթերի միջնագծից:
Եկեղեցու սրահը լուսավորվում է վաղ միջնադարին հատուկ մեծ բացվածքներ ունեցող ութ պատուհաններով, որոնք դեպի ներս լայնանում են: Բոլոր մուտքերն ու պատուհաններն սկզբնապես ունեցել են պսակներ (չեն պահպանվել հյուսիսային մուտքինը և հարավային ճակատի արևելյան պատուհանինը): Մուտքերի պսակները իրենց զույգ գոտիներով եզերում են ճակատաքարերը: Արևմտյան մուտքի պսակի վերին գոտին պատած է եռանկյունաձև ատամիկներով, իսկ հարավայինը՝ պայտաձև կամարիկներով:
Եկեղեցուց 6 մ դեպի հարավ, արևմտյան ճակատին հավասար գծով, քառակուսի հիմքի չորս սյուների վրա տեղադրված է բարձր պատվանդանով բազալտե զանգաշտարակ, որը կառուցվել է ավելի ուշ ժամանակաշրջանում: Եկեղեցու շրջակայքում է գտնվում գերեզմանոցը, որտեղ հանդիպում ենք XII-XVIII դդ. տապանաքարերի: