ԳՅՈւԼԱԳԱՐԱԿ

ԳՅՈւԼԱԳԱՐԱԿ

Գյուլագարակ գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 17 կմ հյուսիս-արևմուտք:

Գ․ Գյուլագարակ

Գյուլագարակ գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 17 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Ստեփանավանի շրջանում, Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի Գարգառ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։
Գյուղից 2 կմ հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին իր Տորմակ եկեղեցով (VI դար), 2 կմ արևմուտք՝ Սբ. Գևորգ մատուռը (IV-V դդ.)

Գ․ Գյուլագարակ
«Տորմակ» եկեղեցի (Տորմակադուռ, VI-րդ դար)

Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Միայն Ստեփանավան քաղաքի մերձակայքում, միմյանցից ոչ մեծ հեռավորությամբ, գտնվում են նման կառուցվածքով մի քանի եկեղեցիներ (Հոբարձի և Սվերդլով գյուղերի Ս. Գևորգ, Գտեվանք, Վարդաբլուրի Ջգրաշեն, Կուրթան), որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցական ճարտարապետության զարգացման պատմության ուսումնասիրության առումով` որպես անցումային օղակ IV-V դդ. ճարտարապետական վաղ ձևերից VII դ. դասական ձևին:
Տորմակ եկեղեցին կիսավեր է: Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը: Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով: Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է` զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը: Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր: Աղոթասրահը երեք կողմից շրջապատված է եղել արտաքին սրահով: Աղոթասրահը և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են: Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում` մոտ երկու-երեք մետր հատվածներ: Սրահը արևմտյան կողմում ուներ կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել: Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր: Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս` զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով:
 

«Տորմակ» եկեղեցի (Տորմակադուռ, VI-րդ դար)
Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի (Ստեփանավանի դենդրոպարկ)

Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է այս տարածաշրջանի շքեղ բնությունը:
 

Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի (Ստեփանավանի դենդրոպարկ)