ՎԱՐԴԱԲԼՈւՐ

ՎԱՐԴԱԲԼՈւՐ

Վարդաբլուրը Վանաձորից հեռու է 31 կմ, իսկ Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղուց 4կմ:

Գ․ Վարդաբլուր

Վարդաբլուրը Գյուլագարակ համայնքի գյուղերից է, ունի 1420 բնակիչ, 433 տնտեսություն: Գտնվում է Գարգառ գետի երկու ափերի ընդարձակ հարթություններում ՝ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 31 կմ, իսկ Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղուց 4կմ:
Վարդաբլուրի տեղում եղել է հին գյուղատեղի,որի մասին վկայում են գերեզմանաքարերի և շինությունների մնացորդները: Իսկ ներկայիս գյուղը ձևավորվել է 18-րդ դարի կեսերին,Մուշից և Սասունից գաղթածների շնորհիվ:Գյուղի առաջացմանը նպաստող գործոններ են եղել լավագույն սևահողերով ընդարձակ հարթ տարածքները,կլիմայական բարենպաստ պայմանները,ջրով ապահովվածությունը,որոնց շնորհին գաղթական մի քանի ընտանիքներ՝ հատկաես Ջանջուղազյանները,Վարդանյանները և Չիլինգարյանները, այդտեղ հող մշակելով,լավ բերք են ստացել և այդպիսով հիմնավորվել ու հիմք դրել գյուղին: Գյուղի անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ:

Գյուղի արևելյան կողմում Սուրբ Սարգիս լեռան գագաթին է գտնվում Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը, հյուսիսային կողմում՝ Ձորագետի աջակողմյա կիրճի վրա են գտնվում Ջգրաշեն եկեղեցին (VI դ.) ու Կոտրած Ժամը(6-րդ դար), գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (1876 թ.), Սբ. Խաչ (XII դ.) եկեղեցին: 1968 թ. բացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը (ճարտարապետ՝ Վարդգես Պապոյան, քանդակագործ՝ Շավարշ Հովհաննիսյան), գյուղում են գտնվում հորովել երգի ստեղծմանն ու վարդապետ Կոմիտասին նվիրված հուշարձանը (2016 թ, քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյան):
Գյուղում ստեղծված են արհեստական լճակների համակարգ, ուր ամռանն այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝հիանալու գյուղի չնաշխարհիկ բնությամբ:
Վարդաբլուրում ծնվել են հայազգի նշանավոր շատ մարդիկ՝ աշխարհահռչակ քիմիկ-կենսաբան Հարություն Աբելյանը, ժող. դերասանուհի Արուս Ասրյանը, գրող Անահիտ Սահինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը:
 

Գ․ Վարդաբլուր
«Ջգրաշեն» եկեղեցի (V-VI դարեր)

Ըստ ժողովրդական ավանդազրույցի` «Ջիգր – ջգրու» նշանակում է սրտնեղած, այսինքն` այս արտահայտության միջոցով փորձ է կատարվում որոշակիորեն վերլուծելու ինչպես շարքային, այնպես էլ համայնքային բնույթի փոխհարաբերությունները, որն էլ ժամանակի ընթացքում իր արտացոլումն է գտել կառուցապատման բնագավառում:
Եկեղեցաշինության մեջ հայտնի` «Ջգրաշեն» անունն առաջացել է այսպես կոչված մրցակցության արդյունքում, երբ մեկը` մյուսի հետ մրցակցության մեջ մտնելով` փորձել է ավելին անել կառուցապատման ոլորտում, քան` հարևանը կամ մրցակիցը…
Նման մրցակցության վառ ապացույց են Սանահին – Հաղպատ համայնքների վանական համալիրների կառուցման փոխհարաբերությունները (հիշենք «…եթե Սա` նրանից հին է, Սանահին… ապա` սա էլ` Հաղթական Պատ է, Հաղպատ…»):
Հորինվածքը բաղկացած է արևելյան կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով խորանով ավարտվող դահլիճից (5,6 x 13,17 մ), նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող ավանդատնից, իսկ հարավ-արևելքից` բաց աբսիդից: Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից: Որմնապատերը վեր են խոյանում երկաստիճան որմնախարսխի վրա։ Ցավոք, ծածկը չի պահպանվել։ Ավանդատունը ծածկված է խաչվող թաղերով, ունի աբսիդ և միակ դուռը բացվում է աղոթասրահի բեմառաջքից: Արևմտյան պատին արտաքուստ առկա է կիսաշրջանաձև հատակագծով ևս մի աբսիդ: Եկեղեցին ունի 3 մուտք՝ երկայնական պատերում և արևմտյան հատվածում։ Հարավային պատի լուսամուտի վրա կան խաղողի որթեր` եռաթերթ և բազմաթերթ տերևներով։ Արտաքին պատերի շարվածքում պահպանված են կենդանիների քանդակներ (խոյի գլուխ, եղջերու…), իսկ բազալտե պահունակները նախատեսված են ծածկը կրելու համար: Նման քանդակները իրապես բացառիկ են Հայաստանի վաղ միջնադարյան շինությունների համապատկերում:
Ջգրաշեն եկեղեցին արժեքավոր է նաև իր զարդաքանդակներով:
Քանդակազարդ պահունակների նմանօրինակ ոճը եզակի երևույթ է հայ ճարտարապետության վաղ միջնադարյան հուշարձանների շարքում: Արևելյան և արևմտյան պատերն ունեն դասական ճակտոններ` հորիզոնական գոտիներով, մշակված պայտաձև կամարիկներով և նրանց միացման անկյուններում`եռանկյուններով: Արևմտյան լուսամուտի պարակալի կամարիկների շարքին զուգահեռ` վերևից կա նշտարաձև տերևներով ևս մի գոտի:

«Ջգրաշեն» եկեղեցի (V-VI դարեր)
Սբ. Աստվածածին եկեղեցի
Սբ. Աստվածածին եկեղեցի
Սբ. Խաչ (XII դ.) եկեղեցի
Սբ. Խաչ (XII դ.) եկեղեցի