ԼՈՌԻ ԲԵՐԴ

ԼՈՌԻ ԲԵՐԴ

Լոռի բերդ գյուղը գտնվում է Հայստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 29 կմ հյուսիս-արևելք։

Գ․ Լոռի Բերդ

Լոռի բերդ գյուղը գտնվում է Հայստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 29 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1375 մ բարձրության վրա։ Վարչական տարածքը կազմում է 408.4 հա, որից գյուղի բնակատեղը 36 հա։ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ։
Գյուղի մոտ են գտնվում պատմական Լոռի բերդի ավերակները և Լոռի բերդի կամուրջը (10-13-րդ դարեր)։
Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում կա 26 խաչքար, գործում է 6 եկեղեցի, կա 17 դամբարան, 2 գերեզմանոց։ Գյուղի տարածքում կա Ք. ա. 2-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ։ Լոռի բերդ քաղաքատեղիում և շրջակայքում կան շատ արվարձաններ, ճանապարհներ, խանդակներ, պարիսպներ, քարայրներ, կացարաններ, կամուրջներ, աշտարակներ, ջրաղացներ, ջրատարներ, գաղտնուղիներ, մթերանոցներ, բաղնիքներ, մուտքեր, մատուռներ, բնակելի տուն և այլն։
 

Գ․ Լոռի Բերդ
«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմա-մշակութային արգելոց

Արգելոցը գտնվում է Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթում, ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա:  Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը` 8.5 հա է: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում` միակ մուտքն է: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ-ի, բարձրությունը՝ 20—25 մ-ի:  Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք  բերելու համար: Ձորագետի կիրճի եզրին բացված ընդարձակ շինության նշանակությունն առայժմ անհայտ է: Ենթադրվում է, որ այն եղել է պալատական կառույցի ներքնահարկ և կանգուն է մնացել մինչև XVIII – XIX դարերը:
 

«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմա-մշակութային արգելոց
«Լոռի բերդ» կամուրջ (XI-XII դարեր)

Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Միսխանա գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է: XI-XII դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է: Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մ հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա: Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ: Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով: 1918 թ. ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով: Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը:

«Լոռի բերդ» կամուրջ (XI-XII դարեր)