ԴՍԵՂ

ԴՍԵՂ

Դսեղ անունն առաջին անգամ Դրսեղ ձևով հիշատակվում է 15-րդ դարի սկզբին՝ Սանահինի վանքի հարկատուների ցուցակում:

ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ

Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը դսեղեցու սննդի հիմնական բաղադրամասերն էին ցորենը, հաճարը, կաթը, կաթնամթերքները, միսը, ձուն, մեղրը: Հետագայում սննդի մեջ մուտք են գործում նաև կաղամբը և կարտոֆիլը, վերջինս հացի հետ դառնում է առաջին անհրաժեշտության սննդամթերք: 
Դսեղեցու սննդի անբաժանելի մասը եղել են տարբեր պտուղներից ու հատապտուղներից, բանջարեղենից ու խոտաբույսերից պատրաստված թթուները: 
Բուսական սննդանյութերից գերակշռել են լոբին, սեղանի ճակնդեղը, ավելուկը, եղինջը, փիփերթը, հավակատարը, շուշանը, ծնեբեկը, մրգերից՝ խնձորը, տանձը, սալորը, ընկույզը, զկեռը, բալը, հոնը, հատապտուղներից՝ մոշը, մոռը, մասուրը, մամուխը:
Լայնորեն տարածված է կենցաղում տարբեր բնական թեյերի/դեղաբույսերի կիրառումը:

 

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ

V դարից սկսած՝ Դսեղի պատմությունն առնչվում է հայ նախարարական նշանավոր տոհմերից մեկի՝ Մամիկոնյանների հետ: Այդ մասին մատենագրական կցկտուր տեղեկությունները լրացնում են V-XIII դարերից մեզ հասած քարակերտ հուշարձաններն ու վիմագրությունները: Մամիկոնյանները սերտ կապերի մեջ են եղել Գրիգոր Լուսավորիչի տոհմի հետ: V դարի կեսերին այդ կաթողիկոսական տոհմի ողջ կալվածքները ևս անցնում են նրանց: Ենթադրվում է, որ հենց այդ շրջանում են Մամիկոնյանները մտել Դսեղ:
X դարի վերջերին քրդական մի ցեղ Հայաստանի հարավային մասերում ստեղծում է էմիրություն և արաբների հովանավորությամբ հայ հողատերերին դուրս մղում իրենց կալվածքներից: Տարոնի Մամիկոնյանները շարժվում են դեպի երկրի հյուսիսային մասերի անմատչելի բնակավայրերը: Մամիկոնյանների մի ճյուղ էլ գալիս, hաստատվում է Դսեղում:
XI-XII դարերում Դսեղի Մամիկոնյանները տնտեսապես բավական հզոր էին և ռազմական տեսակետից արդեն լուրջ ուժ էին ներկայացնում:
 

Դսեղի բուսական աշխարհը


Դսեղին պատկանող տարածքը Լոռու մարզի այն հատվածն է, որտեղ ցայտուն արտահայտված են մակերևույթի սուր հակադրությունները: Այստեղ ամենաբարձր և ամենացածր կետերի բարձրությունների տարբերությունը (Մարց գետի գետաբերանում՝ 829,5 մ և Բովաքարի գագաթին՝ 3016մ) կազմում է 2186,5 մ: Չնայած ռելիեֆի խոր կտրտվածությանը՝ գյուղը, նրա հանդերն ու սարերը ջրառատ են: Դսեղ գյուղին պատկանող տարածքներում բուսականությունը խիստ բազմազան է և հետաքրքիր: Ընդամենը 20-25 կմ տարածության վրա ուղղագիծ գոտիականությամբ հերթագայում են բուսականության 5 տիպեր՝ լեռնատափաստանային, անտառատափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան:
Հանդիպում են հետևյալ ծառատեսակները՝ արևելյան հաճարենի, սրատերև թխկի, լորենի, բոխի, սովորական հացենի, արևելյան կաղնի, վրացական կաղնի, անտառային բարդի/կաղամախի, վայրի տանձենու տեսակներ, արևելյան խնձորենի, ալոճենի, հոնենի, վրացական թխկի, դաշտային թխկի, ուռենի և այլն:
Խոտաբույսերից հանդիպում են՝ անիծյալ ծաղիկ, աստղածաղիկ, ավելուկ, բազեխոտ, բոշխ, բլդրղան, բոգ, դաղձ, գորտնուկ, գայլաթաթ, զանգակներ, թրթնջուկ,  իսկոթ, խնկածաղիկ, ծվծվուկ, կնյունը, կատվախոտը, հրանուկ, ղանթափարը, պտերներ, անանուխ, անթառամ, առյուխագի, անիսոն, անմեռուկ, գինարբուկ, եղինջ, խատուտիկ, ծիծեռնախոտ, ծնեբեկ, կտավատ, ղանձիլ, մատուտակ, սինդրիկ, ուտելի սնկեր: Գյուղում և շրջակայքում աճում են մոշ, մորի, մասուր, անանուխ, ուրց, կորթին (ծիտրոն), բալդրղան (կոծուկ):
Դսեղի հանդերում և սարերում հանդիպում են հինգ տասնյակից ավելի դեղաբույսեր:
Բուսականության պես բազմազան ու հետաքրքիր է նաև Դսեղի կենդանական աշխարհը:
 

Դսեղի կենդանական աշխարհը


Ձկներ: Դսեղին հարակից գետերում կան կարմրախայտ, կողակ, արևելյան արագաշարժ (փիչխուլ), Քուռի լերկաձուկ, Քուռի բեղլու, Ծովերում՝ արծաթափայլ կարաս, կարպ, որոնք բերվել են վերջին տասնամյակների ընթացքում:
Երկկենցաղներ: Դսեղի տարածքում կան լճագորտ, անդրկովկասյան գորտ, Շելկովնիկովի ծառագորտ, կանաչ դոդոշ:
Սողուններ: Հանդիպում են սովորական լորտուն, բազմագույն սահնօձը, կովկասյան ագաման, ժայռային մողեսներ, իլիկամողես, ճարպիկ մողես, շերտավոր մողես, միջին մողես:
Թռչուններ: Տարածված են՝ սպիտակագլուխ անգղ, գորշ անգղ, մորուքավոր անգղ, կրետակեր ճուռակ, օձակեր արծիվ, գիշանգղ, տափաստանային արծիվ, քարարծիվ, գերեզմանարծիվ, սովորական հողմավար բազե, կովկասյան մայրահավ, անտառակտցար, թխակապույտ աղավնի, սովորական տատրակ, սովորական կկու, բվեճ, անտառաբու, ոսկեգույն մեղվակեր, խայտաբղետ փայտփոր, հոպոպ, անտառային արտույտ,  գյուղական ծիծեռնակ, սովորական սոխակ, սև կեռնեխ/մոշահավ և այլն:
Թռչունների քանակն ավելանում է չուի ժամանակ, երբ բազմաթիվ չվող թռչուններ հանգրվանում են տարածաշրջանում: Իզուր չէ, որ Դսեղի տարածքն ընդգրկված է Հայաստանի Կարևոր Թռչնաբանական Տարածքների /ԿԹՏ շարքում:
Կաթնասուններ: Հանդիպում են սովորական ոզնին, պարսկական սկյուռը, գորշ նապաստակը, կզաքիսը, աքիսը, փորսուղը, գորշ արջը, գորշ գայլը, շեկ աղվեսը, անտառային կատուն, լուսանը, վարազը, այծյամը/կխտարը և այլն:

Գյուղ Դսեղ, հրապարակ, 1