Երթուղու նկարագրություն
Վրանատեղիում գիշերակացով երկօրյա արշավի մի մասը հանդիսացող այս երթուղին սկիզբ է առնում Պուշկինի լեռնանցքի մոտ գտնվող վրանատեղիից, հսկա հողմապտուտակներից ոչ հեռու, և շարժվում է դեպի Գյուլագարակ համայնք։ Քայլարշավի ամենասկզբում դուք կարող եք վրանատեղիի բարձունքից տեսնել շրջակայքի գրեթե բոլոր լեռնաշղթաներն ու Կուրթանի սարահարթը։ Ճանապարհին դուք կանցնեք սոճու չնաշխարհիկ անտառներով, որոնք «Սոճուտ» Դենդրոպարկի կանաչ գոտու շարունակությունն են հանդիսանում, կշնչեք Տորմակ գետի վտակ Քարհանքջուր գետակից եկող թարմ օդը։ Ճանապարհին ձեզ փառահեղ տեսարաններով հերթով կուղեկցեն Թամբասար, Փոցխասար, Շատեր և Օվեսիքար լեռները՝ հոգալով, որպեսզի ձեր աչքերն անընդմեջ խրախճանք վայելեն։ Այս երթուղին սահուն, դյուրին վայրէջքով քայլարշավի յուրահատուկ փորձառություն է պարգևում, մոտ 8.5 կմ երկարությամբ, որը կամփոփվի 5-6-րդ դարերի կիսավեր Տորմակ եկեղեցի և Գյուլագարակի 19րդ դարի եկեղեցի այցելությամբ։ Երթուղին ավարտվում է Գյուլագարակ համայնքի կենտրոնում։
Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101, Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104