Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Պուշկինո փոքրիկ համայնքի կենտրոնից և տանում է ձեզ դեպի հարևան Ամրակից գյուղում գտնվող, 19-րդ դարում կառուցված, կիսավեր «Սբ. Նիկոլայ Հրաշագործ» եկեղեցին։ Այն անցնում է Արջասար լեռան լանջերին սփռված հացահատիկի գեղեցիկ դաշտերով, խաչվում լեռնային աղմկոտ առուների ու գետակների հետ, որոնց երկայնքով ծառերի ու թփուտների կղզյակներ են խմբված։ Չնայած այն բանին, որ այս երկու համայնքներն էլ բավականին փոքր են, երկուսն էլ հարուստ են դեռևս լավ չուսումնասիրված հնավայրերով, որոնց այս կամ այն հատվածները դուք հնարավոր է տեսնեք քայլարշավի ժամանակ, եթե մի քիչ ավելի ուշադիր լինեք։ Նաև՝ երկու գյուղերում էլ ռուսական մշակույթի հստակ նշմարելի հետքեր կան, քանի որ դրանք հիմնականում ռուսազգի բնակչություն ունեն, դեռևս վաղ անցյալից։ Այս երթուղին գծվել է այն նկատառումով, որպեսզի ձեզ օգնի մի փոքր հանգստանալ քաղաքակրթությունից ու դրա աղմուկից, այնպես որ տրամադրվեք լիարժեք հանդարտեցնող փորձառության՝ կիսավայրի տեղանքով մոտ 10 կմ-անոց քայլարշավի ընթացքում։ Ռուսական եկեղեցի այցից հետո ճանապարհը կտանի ձեզ դեպի Ձորագետի ավելի քան 50 մետր խորությամբ կիրճի եզրը, որտեղ ձեզ է սպասում երկու ծառերի արանքում դրված, դեպի կիրճի այն կողմում գտնվող Լոռի Բերդն ու բնակավայրը նայող գողտրիկ նստարանը՝ դադար առնելու, մի փոքր շունչ քաշելու համար։ Ետդարձի ճանապարհին, դեռևս Ամրակիցում գտնվելով, անպայման փորձեք մտնել նորակառույց հանգստավայրը, որտեղ մի գեղեցիկ լճակ կա (գուցե մուտքը վճարովի լինի, սակայն հնարավոր է ձեզ պարզապես հրավիրեն ներս)։ Այստեղից հետո արդեն ետդարձի ժամանակն է, դեպի այն կետը, որտեղից սկսել եք ճամփորդությունը։
Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101, Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104