Ագարակի «Խորհրդավոր Ձոր» քայլարշավային երթուղի

Ագարակի «Խորհրդավոր Ձոր» քայլարշավային երթուղի

Երթուղու նկարագրություն .

Երթուղին սկիզբ է առնում Ագարակ համայնքի կենտրոնից և նեղ ճանապարհով շարժվում դեպի համայնքային դաշտերը՝ շրջապատող սարերի գեղեցիկ տեսարաններով, ձախից անցնելով գյուղի գերեզմանոցի կողքով։ Մոտ 1 կմ քայլելուց հետո կհասնեք Ձորագետի կիրճի եզրին, որտեղից հիանալի երևում են թե՛ գետը, թե՛ չնաշխարհիկ կիրճը։ Շարունակեք ձորի երկայնքով քայլել այստեղ կանգնած միայնակ ծառից մոտ 900 մետր դեպի ձախ՝ և կհասնեք ձորի մի քանի «մուտ»-երից մեկին (տեղացիներն այսպես են անվանում դեպի ձորն իջնող մուտքերը), որը նեղլիկ արահետով ձեզ կտանի դեպի ձորի խորքը։ Մոտ 30 մետր ուղղաձիգ իջնելուց հետո, անցնելով մոտ 70 մետր ճանապարհ, (շատ զգույշ եղեք, հատկապես եթե քարերը խոնավ են. հենվեք երկու ձեռքերով, որպեսզի չսայթաքեք, ամեն քայլն անելիս եղեք ուշադիր), կհասնեք համեմատաբար մեծ ու բաց մի վայր, որի աջ կողմում կտեսնեք բնական քարայրի մեջ ծվարած մի գողտրիկ քարե կառույց, որ 12-13-րդ դարերի միջնադարյան «ճգնավոր» եկեղեցին է՝ մոտակա մի քանի այլ քարայրներով, որոնք նույնպես արժանի են ուշադրության։ Ողջ տարածքը լի է ամրացված կառույցներով – բարձր պատեր, իմպրովիզացված դիտարան, հին ճանապարհի կտորներով և այլն։ Ձորի խորքից լսվում է Ձորագետի աղմուկն ու երևում են այլ՝ ավելի մեծ քարայրներ։ Որքան էլ ծիծաղելի հնչի՝ այս տեղանքում, հենց արահետի մեջտեղում 2X1մետր չափսի ասֆալտի մի կտոր կա, անհայտ է, թե ինչու։ Երբ անցնեք ձախ կողմում գտնվող կիսավեր տունը, աջով իջեք դեպի գետն ու անցեք կամուրջը, որպեսզի շարունակեք քայել գետի երկայնքով դեպի Յաղդան ուղղությամբ։ Այս տեղանքում սառնորակ խմելու ջրի բազմաթիվ աղբյուրներ կան, ինչի բերումով երթուղին տեղ-տեղ չափից ավելի խոնավ կարող է լինել, ուստի խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել քայլարշավային փայտեր՝ քայլքն ավելի լիարժեք վայելելու համար։ Կամուրջն անցնելուց հետո մոտ 2.7 կմ քայլելով՝ կհասնեք մի ճամփաբաժանի, որտեղ պիտի ընտրեք ձեխ կողմով վերև բարձրացող երթուղին, այնուհետև անցնեք Հովնանաձոր գետակն ու շարունակեք բարձրանալ մինչև հասնեք H33 ճանապարհին։ Այդ կետից մոտ 1 կմ անցնելով կհասնեք Յեղիտանքի 13-րդ դարի հին, շատ լավ պահպանված կամրջին։ Տեղանքը զննելուց հետո, հետևելով երթուղուն, կհասնեք Յաղդան գյուղի կենտրոնական մասը, որտեղ էլ կավարտվի ձեր ճամփորդությունը։

հեռավորությունը 9.23 կմ ետդարձով
Բարդության աստիճանը միջին
Երթուղու տեսակը գծային
Մակերեսը դժվարանցանելի
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 435 մ / - 450 մ
Բարձրություններ 1174 / 1278 / 1378 մ
Առավելագույն թեքությունը 32.0 % - 37.8 %
Միջին թեքություն 10.0 % - 7.5 %
Երթուղու կատեգորիա քայլարշավային, թռչնադիտման
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին