Երթուղու նկարագրություն
Այս երթուղին սկիզբ է առնում Լոռի Բերդ համայնքից ու շարժվում դեպի 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցը, որ գտնվում է Ձորագետ ու Միսխանա (Ուռուտ) գետերի միջև խոյացող բարձր սարահարթի վրա։ Այստեղ դուք կարող եք զմայլվել հինավուրց բերդաքաղաքի ու կիրճի ապշեցուցիչ գեղեցկությամբ, որից հետո, իջնելով նեղ արահետով, կհասնեք Միսխանա (Ուռուտ) գետի վրա կառուցված, 11-12-րդ դարերի կամրջի մոտ։ Այն անցնելով դուք կհայտնվեք հին ու մոռացված արահետի վրա, որը հնում ծառայել է Լոռի Բերդից դեպի հյուսիս գտնվող սարահարթի վրայի բնակավայր գնալու համար։ Կիրճը մոտ 50 մետր խորություն ունի, այնպես որ շատ զգույշ եղեք կամրջի երկու կողմերի այս նեղ արահետներով վեր ու վար անելիս, որպեսզի խուսափեք բոլոր հնարավոր վտանգերից։ Սարահարթի այն կողմում դուք կտեսնեք ոչ միայն խորհրդավոր, գրեթե չուսումնասիրված հին ավերակներ, այլ նաև Լոռի Բերդի հրվանդանի չքնաղ տեսարանը։ Այստեղից ևս 3 կմ քայլելով կհասնեք Լոռի Բերդ համայնքի այն կետին, որտեղից սկսել էիք քայլարշավը։
Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101, Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104