«Կուրթանի կիրճ» հեծանվային երթուղի

«Կուրթանի կիրճ» հեծանվային երթուղի

Երթուղու նկարագրություն

 

Երթուղին սկիզբ է առնում Կուրթան համայնքի կենտրոնից՝ ուղղվելով նախ դեպի բարձրադիր այն հրվանդանի դիտակետը, որի վրա է գտնվում Կուրթան գյուղը։ Այստեղից շատ լավ երևում են Կուրթանի հրաշագեղ ժայռոտ կիրճն ու Ձորագետ և Գարգառ գետերի միախառնման վայրը, ինչպես նաև՝ 7-12-րդ դարերում կառուցված Հնեվանքը։ Հաջորդ կանգառը կլինի դիտակետից մոտ 500 մետրի վրա գտնվող 5-6-րդ դարերի Սբ. Աստվածածին եկեղեցին։ Չմոռանաք զննել եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում գտնվող հսկայական և հանելուկային տապանաքարը։ Եթե որոշեք մոմ վառել, սակայն դուռը փակ լինի, մի քիչ սպասեք, մինչև եկեղեցու սպասավորուհին կմոտենա և կբացի այն ձեզ համար։ Հաջորդիվ մոտ 4 կմ վերընթաց ճանապարհ է, ոչ դժվար, որին կհաջորդի ևս 4 կմ վայրէջք դեպի բնության հուշարձան հանդիսացող Ցիցքարն ու շուրջը ստեղծված Փեգսթոուն կոչվող ծառատնակներով հանգստավայրը։ Այստեղ դուք մեկ այլ դիտանկյունից՝ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնեք Հնեվանքը։ Եթե որոշեք մագլցել դեպի Ցիցքար ժայռի գագաթ՝ հեծանիվները պիտի թողնեք տակն ու շատ զգուշորեն մագլցեք։ Երթուղու հաջորդ կանգառն արդեն Հնեվանքում է, որտեղ կարող եք հանգստանալ վերադարձից առաջ։ Չնայած այն բանին, որ վերադառնալու եք նույն ճանապարհով, միևնույն է չեք հասցնի ձանձրանալ, քանի որ երթուղին լի է աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով և դուք հեշտությամբ կհաղթահարեք վերջին 4 կմ վերելքն ու կավարտեք ճամփորդությունը Կուրթանի այն նույն կետում, որտեղից սկսել էիք։

 

հեռավորությունը 17.3 կմ
Բարդության աստիճանը միջին
Երթուղու տեսակը գծային
Մակերեսը լավ
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 618 մ / - 618 մ
Բարձրություններ 1024 / 1224 / 1298 մ
Առավելագույն թեքությունը 28.1 % - 28.6 %
Միջին թեքություն 6.1 % - 6.2 %
Երթուղու կատեգորիա հեծանվային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին