Դսեղ գյուղի քայլարշավային ձևաչափը
Նույնիսկ փոքրիկ հաջողությունները հպարտություններ են ծնում, ես դա հասկացա միայն Դսեղի շրջանաձև 7 կմ․ քայլարշավից հետո։
Երբևիցե չէի մտածի, որ քայլարշավն ուղղակի քայլել չէ, այն փիլիսոփայություն է, (վստահ եմ, որ գրածիցս հետո մասնագիտացված քայլարշավորդները կցանկանան ինձ քարկոծել, ես պատրաստ եմ Բնության մեջ քայլելու ընթացքում, ինքդ քեզ հետ երկխոսում ես, պայքարում ես սեփական թուլության և վախերիդ դեմ։ Կռիվ ես տալիս և սկսում ես քեզ մեղադրել, որ թուլամորթ ես ու դա է պատճառը, որ վախենում ես նպատակներ ունենալ ու ամբողջ կյանքդ էլ հույսի վրա է կառուցված։
Ասում են, եթե ուզում ես մի բան, որ նախկինում չես ունեցել, ուրեմն պետք է անես մի բան, որ նախկինում չես արել։
Դսեղ գյուղում եմ։ Քայլարշավը սկսեցինք գյուղի հյուսիսարևելյան հատվածից, որտեղ վեր է խոյանում Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ խաչքարը։ Ծաղկանկարված խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է և այն թվագրվում է 8-րդ դար, թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել:
Եղանակը բարենպաստ և մեղմ էր քայլելու համար։ Դեղին ցուցանակների միջոցով շատ հեշտ կարող եք ընտրել այն ուղղությունը, որով պետք է շարժվել։ Ճանապարհին հանդիպեցինք հետաքրիքր վահանակների, նրանք հուշում էին, թե տարածքում ինչ սնկեր և քարաքոսներ կարող եք տեսնել, ինձ հետաքրքիր էր թռչունների և կենդանիների հետքերի մասին հուշող վահանակները։
Ցավոք, պետք է հիասթափեցնեմ, ողջ ընթացքում միայն մի սկյուռի հանդիպեցի, որի ուշադրությունը փորձում էի կոնֆետով գրավել, բայց՝ զուր։ Ուղղությունը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից։ Դեպի վանք տանող ճանապարհին հանդիպեցինք կոտրված և մամռակալած խաչքարերի, որոնք տեղանքին հաղորդում էին առեղծվածային տրամադրություն։
Վանք տանող ճանապարհին կհանդիպեք աղբյուրի, որը անվանել են Գիքորի աղբյուր, Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքում նկարագրվում է հենց այս վայրը։ Համբոն տասներկու տարեկան Գիքորին տանում է քաղաք, որպեսզի աշխատի և ապագա ունենա, մայրը՝ համաձայն չէր, սակայն Համբոն վճռական էր տրամադրված․․․ Ժամանակ է անցնում՝ Համբոն թաղել էր Գիքորին ու վերադառնում էր։
Այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Փլվելու պատճառն այն է, որ վանքի տեղանքը նստվածք ունի:
Ավերված եկեղեցին հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք իրենց տեսակի մեջ պատմություն կրողներ են։
Բարձրաքաշից հետո գծանշումների սակավության պատճառով խառնաշփոթ առաջացավ, բայց եթե ձեր կողքին նկատել եք մեծ խողովակ, չեք կորի, այն կհուշի ճանապարհը։ Հասկանում եմ, զգացողություները տարբեր են։ Մի բան է, երբ զմայլվում ես կախարդական բնությամբ, այլ բան՝ բնություն + խողովակ։
Խողովակին հետևելու արդյունքում հայտնվեցինք Դեբետի և Մարց գետերի միախառնման կետում։ Ցուցանակը հուշում էր՝ Դսեղի շրջանաձև արահետ․ 5․4 կմ․։
Արդեն ասել եմ, որ սկսնակ քայլարշավորդ եմ, դա է պատճառը, որ ցանկանում եմ մի քանի կետով կիսվել այն մարդկանց հետ, ովքեր քայլարշավի ցանկություն ունեն, բայց ոչ համարձակություն։
- Դատելով նկարներից ՝ գուցե մտածեք, որ նման վայրեր դժվար է հասնել, միանգամայն ոչ։
- Սկզբի համար պարտադիր չէ ժամերով քայլել, կան թեթև, գրավիչ քայլարշավային երթուղիներ։
- Քայլելու ընթացքում հասկացա, որ երբեք պետք չէ մտածել, թե որքան կմ․ է մնացել վերջնակետին հասնելու համար։ Այսպիսի իրավիճակում հայտնվում եք խուճապային գրոհի։
- Քայլարշավը մոտիվացնող մեծ ուժ ունի, քանի որ քեզ կօգնի սեփական համառությունը։
- Իսկ եթե արդեն խուճապի մեջ եք, ինչպես` ես էի։ Մտքում «ստեղծեք» մի խաղ, նպատակը՝ գծանշումներ փնտրելն է։ Իհարկե, գծանշումը կյանք երկարացնող սունկ չէ, երևակայական աշխարհներ են, որոնց հեշտությամբ կհաղթահարեք։
Քայլարշավի ընթացքում ձեռքբերումներից մեկն էլ երկրորդ շնչառությունն է, այն բացվում է այն ժամանակ, երբ սկսում ես քեզ դատապարտել։ Ցանկանում ես ճանապարհի մեջտեղում կանգնել ու բղավել, որ այլևս չես կարողանում և չես ցանկանում քայլել, բայց ամաչում ես ուղեկցորդից և լուռ շարունակում ես քայել։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։