ՎԱՀԱԳՆԻ

ՎԱՀԱԳՆԻ

Լոռու մարզի Վահագնի գյուղը տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հեռավորության վրա։

ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Լոռու մարզի Վահագնի գյուղը տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հեռավորության վրա, Փամբակ գետի վերին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Աշխարհագրական դիրքը լեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1000-1500 մ բարձրության վրա: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, այն նորակառույց է, ունի 180 աշակերտ: Հիմնադրվել է 1921 թ-ին, 1936 թ-ին դպրոցը տվել է իր առաջին շրջանավարտները: Վերակառուցվել է 1988 թ-ի երկրաշարժից հետո: Գյուղում կա առողջապահական կենտրոն, որն ապահովում է ստացիոնար բուժում, սպասարկում է նաև սահմանակից Ձորագյուղ, Դեբետ, Անտառամուտ, Եղեգնուտ, Վահագնաձոր համայնքներին:  Համայնքի կենտրոնական մասում գտնվում է 1812 թ. Կառուցված եկեղեցին, որը գտնվում է կիսաքանդ վիճակում: Համայնքի կենտրոնական մասում է գտնվում նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված՝ 1973 թ.-ին կառուցված Վահագն Վիշապաքաղ հուշարձանը կից թանգարանի հետ միասին, որը նույնպես վերանորոգման կարիք ունի: Պլանավորվում է հուշարձանին կից ստեղծել պատմության թանգարան: Համայնքի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց: Համայնքում գործում են պարի, կարատեի, վոլեյբոլի, բասկետբոլի և բազկամարտի խմբակներ` հասարակական հիմունքներով: Գյուղում կա նաև փոստային բաժանմունք, մանկապարտեզ, ֆաբրիկա, գրադարան՝ 5213 անուն գրքով:
 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղն անտառի հարևանությամբ է: Կան տարբեր տեսակի վայրի պտուղներ և հատապտուղներ: Հիմնականում տարածված են վայրի տանձը, խնձորը, մոշը, ազնվամորին, հոնը, ալոճը և այլն: 
Դեղաբույսերից տարածված են ուրցը, դաղձը, երիցուկը, մայրամախոտը և այլն: 
Գյուղին հատուկ են էնդեմիկ, հազվագյուտ վտանգված բուսատեսակներ՝ Շիկատակ համամորմը կամ Լուսնի ծաղիկը:
Բնորոշ կենդանիներից են՝ խայտաբղետ կարիճը (վտանգ ներկայացնող հոդվածոտանի), Քուռի սպիտակաձուկը, կովկասյան լերկաձուկը, երկկենցաղներից՝ սովորական ծառագորտը, լճագորտը, սողուններից՝ Դալի մողեսը, թռչուններից՝ Սև ցինը, ցախաքլորաորսը, լորը, անտառային աղավնին:
 

Լոռու մարզ, Գ. Վահագնի