ՁՈՐԱԳՅՈՒՂ

ՁՈՐԱԳՅՈՒՂ

Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում՝ ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա:

ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքը հիմնադրվել է 1804 թ.-ին Ձորի թալա կոչվող հանդամասում՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մի քանի բազմանդամ ընտանիքների կողմից: Հիմք՝ գերեզմանաքարերի փորագրությունները: 1829 թ.-ին տեղափոխվել է ներկայիս բնակատեղին: Ձորագյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 30 կմ հեռավորության վրա (հս-արլ): Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում՝ ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա: Բնակչությունը, ըստ 2011թ. մարդահամարի, կազմում է 319 մարդ: Գյուղն այսպես է կոչվում, որովհետև սկզբում եղել է ձորի մեջ, ուր այժմ գտնվում են գյուղի գոմերը: Ճանապարհների անհարմարության և արտերի մեծ մասի՝ ձորից բարձր գտնվելու պատճառով գյուղացիները տեղափոխվել են ձորից վերև՝ զառիվայրի հյուսիսահայաց լանջի վրա: Տներից շատերը գլխատուն են, գետնափոր: Կա մի ավերակ գյուղատեղի՝ Կատատ անունով, համանուն գետակի ափին, ուր կա մի կիսավեր մատուռ:
Գյուղն ունի մեկ հիմնական դպրոց` 42 աշակերտ: Գյուղում գործում է նախակրթարան: Համայնքն ունի 1 մշակույթի տուն (ժամանակավոր կառույց), որը գտնվում էր քայքայման եզրին, սակայն վերանորոգումից հետո օգտագործվում է որպես հանդիսությունների սրահ: Առկա է բուժկետ, որտեղ ցուցաբերում են առաջին բուժօգնություն: Առկա են պարի և շյուղագործության խմբակներ: Գյուղում կա նաև փոստային բաժանմունք, մանկապարտեզ, գրադարան, որն ունի 6127 անուն գիրք:

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ձորագյուղը հիմնադրել են յոթ եղբայրներ՝ 1804 թվականին: Բնակիչները եկել են Ղարաբաղից, ի սկզբանե փորձելով հաստատվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Չհարմարվելով տեղացիներին, ինչպես նաև տարածաշրջանի առանձնահատկություններին, տեղափոխվել են Լոռու մարզ՝ Դսեղ համայնք: Դսեղեցիները չեն ընդունել ձորագյուղցիներին և նրանք՝ հեռվից նկատելով դիմացի առավել հարմար ու ազատ տարածքը, հաստատվել են այժմյան բնակատեղում:

- Կողքի գեղից՝ Շհալվից առաջ գալիս են ըլմ, ու հողերը իրանցով անելուս: Մեր պապերն էլ տենալով, որ սրանք շատ են առաջ գալի, բըրձրացել են կռվել հետներուն ու քիչ-քիչ տեղափոխվել վիրեվը ապրելու: Հիմի ընդի մեր ու շհալվեցոնց սնըռըմը (սահման) մի քար կա, անունը՝ «Կռվաքարի գլուխ ա» (պատմել է համայնքի բնակիչներից Ալեքսանդր Սիմոնյանը):
Անդրանիկ Օզանյանն իր զորքով եկել է Հոպոպ Քարի տակ հանգստանալու, մի գյուղացի իմացել է, թե թշնամի է եկել, վերևից կրակել է, սպանել մի զինվորի: Անդրանիկը բռնել է տվել գյուղացուն, կապել ծառից, այրել տունն ու հեռացել:
Պատմության մեկ այլ տարբերակ Անդրանիկ Օզանյանի՝ Ձորագյուղով անցնելու մասին. պատմել է ձորագյուղցի Գարեգին Հովհաննիսյանը
- Շատ են պատմել, ասել են, որ էկել ա դեսը: Գնալուց ա էլել, կանգնել են զորքով մի քիչ դինջանան ու էլի շարունակեն ճամփեներուն: Ոնց ա ըլըմ՝ էս զինվորնեից մինը մեր գեղըցու բաղիցը խնձորա քաղըմ, սրանք էլ տենըմ են, սկսըմ են քարեր ու փետեր շպրտիլը զինվորի վրա: Անդրանիկն էլ տենըմ ա, ջղայնանըմ, սրան գձըմ գոմն ու վառըմ: Հենց վառըմ ա, մինելա ռիսկ չեն անըմ մոդիկ գնան, որ քոմակ անեն: Անդրանիկը գնըմա մխելի յեդը ու ասըմ. «Ես վառել եմ, դու՛ք էլ գնացեք գոնե հանգցրեք»,- նոր էտա գեղացիք առաջ են գնըմ քոմակի:

Լոռու մարզ, Գ. Ձորագյուղ